ԼՂՀ-ն դե յուրե ՀՀ մաս չէ, և մեր նպատակը ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է. Էդուարդ Շարմազանով
Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնևիչն այսօր հայտարարել էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո Լեռնային Ղարաբաղը միության անդամ չի դառնա: ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին հիշեցրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ուղղելով լրագրողի այն հարցը, թե ինչ է նշանակում Բելառուսի փոխարտգործնախարարի հայտարարությունը, որ ԼՂՀ-ն ՀՀ-ի մաս չի կազմում:
Շարմազանովը նշեց, որ բանավոր կերպով բազմիցս նշվել է, որ ԼՂՀ-ն իրավական առումով, այսինքն՝ դե յուրե, Հայաստանի Հանրապետության մաս չէ. «Մեր նպատակը Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն է, ԼՂՀ ժողովրդի կամքի իրականացումը, ուստի եթե որևէ մեկը կարծում է, որ դե յուրե ՀՀ մաս է, ապա մոլորության մեջ է,ԼՂՀ-ն դե ֆակտո անկախ պետություն է», – հայտարարեց նա:
Նշենք, որ Բելառուսի արտգործնախարարը նաև հայտարարել էր, որ պայմանագրին նոտա է ավելացվել, որ ԼՂՀ-ն ՀՀ մաս չէ, և այդ մասին Հայաստանի կողմից բանավոր կերպով հայտարարվել է:
Իսկ թե արդյո՞ք դա նշանակում է, որ մաքսակետ կդրվի ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև, Շարմազանովը նշեց, թե այդ հարցի հետ կապված համապատասխան պաշտոնյաները պատասխանել են, որ մաքսակետ չի դրվելու:










