Երթուղայինների վարորդները մինչև տոների ավարտը ոչ մի գործադուլ չեն անի. Հրանտ Եղիազարյան

11:40 • 19.12.14

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ երեկ քաղաքային իշխանություններն իրենց խոստացել են, որ ամեն ինչ կանեն գազի գնի հարցը կարգավորելու համար:


«Մենք էլ պայմանավորվել ենք մեր վարորդների հետ, որպեսզի ոչ մի ակցիա չանեն, շարունակեն աշխատել, մինչև տոներն անցնեն»,-ասաց նա:


Վերջինս նաև տեղեկացրեց, որ քաղաքապետարանի հետ վերջնական պայմանավորվել են, որ հունվարի տասնհինգին իրենց կընդունեն և իրենց խնդիրները կլուծեն:


«Սակագնի վերանայում, իհարկե, չեն անի: Գազի գինը կգա նախկին գնին, մոտենալու է այն թվին, որը կար մինչև դոլարի թանկացումը»,-ասաց նա և վստահեցրեց, որ դեռ ոչ մի լուր չունի, որ այսօրվա դրությամբ որևէ երթուղի հրաժարվել է աշխատել:


Ըստ միության նախագահի՝ գործադուլ անող վարորդներ այս պահի դրությամբ չկան:


Նա նաև հիշեցրեց, որ այսօրվա ավտոմեքենաների շահագործումը կատարվում է դրանց ֆիզիկական մաշվածության հաշվին:


«Մի օր պետք է տրանսպորտի գինը բարձրանա, թե ո՞ւմ հաշվին, պետությունը թող որոշի: Բայց այն, որ հարյուր հիսուն դրամը չի բավարարելու, դա արդեն փաստ է»,-ասաց նա: