Կառաջարկեմ սպասել աշնանը, որպեսզի հաշվենք ճտերին. Աշոտյանը՝ բուհերը հիմնադրամ դարձնելու մասին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ մինչև դեկտեմբերի 25-ը Երևանի պետական համալսարանի և Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համատեղ ստեղծված հիմնադրամն իրավական կարգավիճակ կստանա:
«Երիտասարդներն էլ կհասցնեն սոցիալական պարտադիր վճարից հրաժարվելու դիմումներ գրել»,-ասաց Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե մինչ դեկտեմբերի 25-ն ընդամենը հինգ օր է մնացել, ի՞նչ պետք է անեն այդ դասախոսները:
Նշենք, որ երիտասարդ դասախոսները բողոքում են, որ հիմնադրամը դեռ իրավաբանորեն գրանցված չէ, հետևաբար նրանց դիմումները չեն ընդունվում:
«Ես կառաջարկեմ սպասել աշնանը, որպեսզի հաշվենք ճտերին: Այս հարցն իր հնչեղությունը կարող է ունենալ բացառապես դեկտեմբերի 25-ից հետո: Մենք հասցնելու ենք և մինչև դեկտեմբերի 25-ը կունենանք գրանցված հիմնադրամներ և դասախոսների համար կունենանք խնդրի լուծումներ, դրա համար մենք արագացրինք հիմնադրամներ ունենալու հարցը»,– ասաց նախարարը:
«Ուզում եմ հատուկ շեշտել, որ մենք այս բուհերը դարձրինք հիմնադրամ, ոչ թե սոցիալական պարտադիր վճարի համար, այլ բուհերը հիմնադրամ ենք սկսել դարձնել դեռևս 2011 թվականից, այսինքն՝ այն ժամանակ, երբ այդ պարտադիր սոցիալական վճարի մասին ընդհանրապես խոսք չկար»,- ավելացրեց Արմեն Աշոտյանը:










