Ինձ համար Եվրոպան միայն Եվրամիություն չէ. Արմեն Աշոտյան

14:24 • 20.12.14

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե  կրթական բոլոր ծրագրերը կապված են հենց եվրոպական չափանիշների հետ, երբ Հայաստանը ընդամենը մի քանի օրից դառնում է ԵՏՄ անդամ, ասաց. «Ես ունեմ իմ պատկերացումը, թե  ինչ է նշանակում Եվրոպա և եվրոպական: Ինձ համար Եվրոպան միայն  Եվրամիություն չէ»:


Ապա շարունակելով իր խոսքը՝ նախարարն ասաց. «Եվրոպան շատ ավելի լուրջ քաղաքակրթություն է, քան այն քաղաքական, վերազգային միավորումը, որն այսօր ընդունված է կոչել Եվրոպա: Ես չեմ համարում, որ Հայաստանը Եվրոպա չէ, ես չեմ համարում, որ Ռուսաստանը Եվրոպա չէ: Եվրոպական քաղաքակրթությունը ստեղծվել է տասնյակ ժողովուրդների կողմից՝ հազարավոր տարիների ընթացքում, և յուրաքանչյուրն իր լուման ունի այդ քաղաքակրթության զարգացման մեջ: Սանկտ Պետերբուրգը եվրոպական լավագույն քաղաքներից է, Պուշկինը եվրոպական լավագույն գրողներից մեկն է»:


Նախարարն ասաց, թե իր կարծիքով իրավունք չունենք ազգովի հրաժարվել եվրոպական ժառանգությունից:


Ինչ վերաբերվում է ԵՏՄ-ին, ապա Արմեն Աշոտյանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությունը պետք է ունենա իր կրթական համընդհանուր ծրագիրն ու բաղադրիչը, որը չպետք է հակադրվի եվրոպական ուղղություններին: