Ավստրալիայում ձերբակալել են 8 երեխաների սպանության համար կասկածվող կնոջը

10:30 • 20.12.14

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 37-ամյա մի կնոջ՝ Կերնս քաղաքում 8 երեխաների սպանության համար կասկածանքով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով երկրի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։


Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածը սպանված երեխաներից 7-ի մայրն է, 8-րդ երեխան՝ նրա բարեկամն է։ Երեկ կնոջը կրծքի և պարանոցի հատվածում դանակից ստացված վնասվածքներով հայտնաբերել են նույն տանը, որտեղ և երեխաներին։ Նա տեղափոխվել է հիվանդանոց՝ որպես տուժող, այնուհետև ձերբակալվել է սպանության կասկածանքով։ Միևնույն ժամանակ ոստիկանությունում նշել են, որ նրան դեռևս մեղադրանքներ չեն ներկայացվել։


«Երեխաներից մի քանիսի մայրը ձերբակալվել է սպանության կասկածանքով և այժմ գտնվում է կալանքի տակ։ Նա գիտակից վիճակում է և պատասխանում է ոստիկանության հարցերին»,- նշել է ոստիկանության ներկայացուցիչը։


Սպանվածները 18 ամսեկանից 14 տարեկան երեխաներ են։ Նրանց բոլորի մոտ հայտնաբերվել են դանակից ստացված վնասվածքներ։