Գորիկ Հակոբյանը կոչ է անում զերծ մնալ ապստամբությունների, իշխանություններին ուժով հեռացնելու անպատասխանատու կոչերից
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը մի շարք գործիչների կոչ է անում զերծ մնալ ապստամբությունների, իշխանություններին ուժով հեռացնելու անպատասխանատու կոչերից: Ազգային անվտանգության ծառայության մասնագիտական տոնի կապակցությամբ անցկացվող հանդիսավոր նիստի ընթացքում ունեցած ելույթում Գորիկ Հակոբյանն ընդգծեց, որ բոլորի համար ակնհայտ է, թե ինչպիսի ողբերգական իրադարձությունների հանգեցրեց այսպես կոչված` «գունավոր հեղափոխությունների» ալիքը՝ ընդգծելով, որ այդ դաժան փորձությունն անցած ժողովուրդները դեռ երկար տարիներ չեն կարողանալու հաղթահարել քաղաքացիական պատերազմների, սոցիալ-տնտեսական և հումանիտար ճգնաժամերի կործանարար հետևանքները:
«Ցավոք, մեր ժողովրդին նույնպես վիճակվեց հասարակության բևեռացումը, անհանդուրժողականությունը, անթաքույց չարությունն ու կույր ատելությունը: Իրավիճակը կայունացնելու և բնականոն հունի բերելու համար գերագույն ջանքեր պահանջվեցին: Այդ դեպքերից անհրաժեշտ դասեր չքաղած մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասին կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ, հնչեցնում են ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու անպատասխանատու կոչեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ Ազգային անվտանգության մարմինները չեն պատրաստվում որպես կողմնակի դիտորդ հետևել այս իրադարձություններին: «Մեր կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները հանրապետության սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսևորում վճռականորեն կանխելու համար: Սա սպառնալիք չէ, սակայն նախազգուշացնելու անհրաժեշտությունը մենք տեսնում ենք»,- հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրենը:
Երկիմաստ մեկնաբանությունների և տարաբնույթ շահարկումների տեղիք չտալու համար Գորիկ Հակոբյանը շեշտեց, որ այլակարծության, ընդդիմախոսության, կուսակցական ազատ մրցակցության, բողոքի արտահայտման իրավունքները ժողովրդավարական հիմնարար արժեքներ են և չեն կարող կամայականորեն արգելվել կամ սահմանափակվել: «Սակայն քաղաքացիների իրավունքները հստակ սահմանազատված են ամենաթողությունից, անարխիայից, քաղաքական ծայրահեղականությունից: Քաղաքական գործունեությունում ուժային մեթոդներ կիրառելու, զանգվածային անկարգություններ ու բախումներ հրահրել, ու սադրանքներին մենք հակադրելու ենք միայն օրենքի ուժը»,- շեշտեց Գորիկ Հակոբյանը:
ՀՀ ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաև սփյուռքահայությանն ընդդիմության ազդեցության ոլորտ ներքաշելու, այդ նպատակով արտերկրի հայկական համայնքներում շտաբեր ձևավորելու մտադրություններին՝ ընդգծելով, որ այդ նախաձեռնությունն իրականացնելու դեպքում ապակառուցողական հեռահար հետևանքներն ակնհայտ են: «Հայաստանի անկախ պետականության ամբողջ ժամանակահատվածում միայն համայն հայության՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք հավաքական համախմբմամբ է հնարավոր եղել նշանակալի նվաճումներ արձանագրել: Այնինչ, սփյուռքահայության միջավայր ներքաղաքական խնդիրների տեղ ափոխումը պառակտման իրական պայմաններ կստեղծի թե' հայ համայնքներում, թե' Հայաստան-Սփյուռք կապերում: Այդպիսի հնարավոր զարգացումների ազդեցությունը հայ ժողովրդի առաջընթացի, Հայաստանի տնտեսական աճի, արտաքին քաղաքական նպատակների առաջխաղացման համար խիստ անբարենպաստ են լինելու: Եվ, վերջապես, հարկավոր է ընդունել, որ ներքաղաքական պայքարին պետք է մասնակցեն Հայաստանի քաղաքացիները, իսկ օտարերկրացիները, անկախ նրանց ազգային պատկանելիությունից, այս ոլորտում անելիք չունեն»,- նշեց ՀՀ ԱԱԾ տնօրենը:
Գորիկ Հակոբյանը հավելեց, որ տարակուսանք են առաջացնում Սփյուռքում ֆինանսական միջոցներ հայթայթելուն ուղղված որոշ գործիչների ջանքերը: Նա ընդգծեց, որ, ի տարբերություն այդ գործիչների, մեր հայրենակիցների մեծամասնությունը սթափ գիտակցում է, որ ներքաղաքական վայրիվերումները չեն բխում հայության օրվա շահերից, իսկ միասնական կամքն անհրաժեշտ է նպատակաուղղել հայրենիքը շենացնելուն, ժողովրդի կենսական խնդիրները լուծելուն, բազում վտանգներից երկիրը զերծ պահելուն և մարտահրավերներին դիմագրավելուն:










