Հիմնանորոգվել է Լոռու մարզի Մ-6 Թեղուտ 3.7 կմ երկարությամբ ճանապարհը. Նախագահը ծանոթացավ կատարված աշխատանքներին

17:47 • 20.12.14

Լոռու մարզի Շնող և Թեղուտ համայնքները իրար կապող Մ-6 Թեղուտ 3.7 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է: Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացավ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին: Ինչպես լրագրողների հետ Թեղուտ համայնքի ղեկավար Ֆրունզե Նորեկյանը նշեց, որ Նախագահի նախորդ աշխատանքային այցի ժամանակ ճանապարհը վերանորոգելու խնդրանքով դիմել են համայնքների բնակիչները:


«Եթե այդ ճանապարհը նախկինում անցնում էինք 1 ժամում, հիմա արդեն 15 րոպեում կարող ենք տեղ հասնել: Սա երկու համայնքների համար էլ շատ դրական է»,- ասաց նա:


Շնող համայնքի ղեկավար Հովիկ Սահակյանը ևս ընդգծեց, որ ճանապարհի նորոգումն ունի կենսական նշանակություն երկու համայնքների համար էլ:


«Նոր ճանապարհը շատ բարեկարգ է և մարդիկ ավելի հեշտ կկարողանան տեղաշարժվել»,-ասաց նա:


Նշենք, որ լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում գտնվող ճանապարհի հիմնանորոգման համար պետական բյուջեից տրամադրվել է 522.8 մլն դրամ։