Ղազախստանը պատրաստ է միանալ Դոնբասում իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացին. Նազարբաև
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն աջակցում է Ուկրաինայի անկախությանը և տարածքային ամբողջականությանը և պատրաստ է միանալ Դոնբասում իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ Ղազախստանի առաջնորդի հետ հանդիպումից հետո, հայտնում է Обозреватель-ը։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահին՝ երկրի տարածքային ամբողջականության և անկախության վերաբերյալ նրա հստակ դիրքորոշման համար։
«Ես շատ շնորհակալ եմ կայուն և հետևողական դիրքորոշման համար, որը վերաբերում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Իր հերթին Ղազախստանի նախագահը շնորհավորել է Ուկրաինային հաջող անցկացված ժողովրդավարական ընտրությունների առթիվ և պատրաստակամություն հայտնել ամեն կերպ աջակցել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության վերսկսմանը, ինչպես նաև՝ Դոնբասում խաղաղ կարգավորման գործընթացին։
«Հաջող ընտրությունների անցկացումը և նոր կառավարության ձևավորումը Ձեր հաջողությունն են, պարոն նախագահ, և ես շնորհավորում եմ այդ հաղթանակի կապակցությամբ»,- նշել է նա։










