Էբոթն ավստրալացիներին կոչ է արել պատրաստվել նոր ահաբեկչությունների

15:30 • 23.12.14

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը կոչ է արել երկրի բնակիչներին «ամբողջությամբ պատրաստ լինել» նոր ահաբեկչական սպառնալիքի՝ ահաբեկիչների միջև ինտենսիվ բանակցությունների պատճառով, որը գրանցվել է Սիդնեյի սրճարանում պատանդներ վերցնելուց հետո, փոխանցում է РИА Новости-ն։

 

Միջադեպը տեղի էր ունեցել դեկտեմբերի 15-ին, երբ Lindt սրճարանում զինված տղամարդը պատանդ էր վերցրել 17 մարդու։ 16 ժամ անց ոստիկանությունը գրոհել էր սրճարանը, զոհվել էր 3 մարդ, այդ թվում՝ հանցագործը։

 

«Ահաբեկիչների միջև բանակցությունների ինտենսիվությունը պատանդներ վերցնելուց հետո ավելացել է, ահա թե ինչու է կարևոր, որ մարդիկ պատրաստ և զգուշացված լինեն, ինչպես նաև իմանան, որ մեր ոստիկանությունն ու անվտանգության ծառայություններն անում են հնարավորը»,- ասել է Էբոթը։

 

Վարչապետի խոսքով՝ «ահաբեկչական սպառնալիքի մակարդակը շարունակում է բարձր մնալ» և «մեծ է ահաբեկչական հարձակման հավանականությունը»։

 

«Մենք չգիտենք՝ երբ և ինչպես կարող է տեղի ունենալ այդ հարձակումը, սակայն մենք գիտենք, որ կան մարդիկ, ովքեր տրամադրված են և ունակ են հարձակումներ գործել»,- հայտարարել է Էբոթը։