ՀԱՊԿ առաջին հումանիտար կենտրոնը կբացվի Հայաստանում. Պուտին

16:47 • 23.12.14

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջին հումանիտար կենտրոնը կբացվի Հայաստանում։ Այդ մասին Մոսկվայում անցկացված ՀԱՊԿ անդամ երկրների գագաթաժողովի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Ռուսաստանի ակտիվ աջակցությամբ ստեղծվում է ՀԱՊԿ հումանիտար կենտրոնների ցանց, որոնցից առաջինը հաջորդ տարի կբացվի Հայաստանում, ավելի ուշ նմանատիպ կենտրոն կսկսի գործել Ղրղզստանում»,- նշել է ՌԴ նախագահը։

 

Ավելի վաղ գագաթաժողովի ընթացքում Պուտինը նշել էր, որ աշխարհում ներկայիս դժվարին իրավիճակը ՀԱՊԿ անդամ երկրներից համաձայնեցված գործողություններ է պահանջում։

 

«Մեր գագաթաժողովն անցկացվում է դժվարին ժամանակաշրջանում, իրավիճակն աշխարհում դինամիկ փոփոխվում է, սրանում են հին խնդիրները, սակայն, ցավոք, հայտնվում են նաև նորերը, տեղի է ունենում գլոբալ անվտանգության համակարգի աղավաղում»,- ասել էր Պուտինը՝ բացելով ՀԱՊԿ գագաթաժողովը։

 

Հայտնի է նաև, որ ՀԱՊԿ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի առաջնորդները 22 փաստաթուղթ են ընդունել։ Առաջնորդները հաստատել են պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, 19 որոշում և 2 արձանագրություն։