TripAdvisor ծառայությանը տուգանել են 500.000 եվրոյով՝ կեղծ արձագանքների համար

15:45 • 23.12.14

Իտալիայի իշխանությունները 500.000 եվրոյով տուգանել են TripAdvisor տուրիստական ծառայությանը՝ կայքում օգտատերերին թյուրիմացության մեջ դնող տեղեկությունների առկայության համար, գրում է Лента-ն։

 

Տուգանքն Իտալիայի հակամենաշնորհային գերատեսչության հետաքննության արդյունքն է, որը տևել է 7 ամիս։ Իշխանությունները փորձում են պարզել՝ արդյոք ծառայությունը ձեռնարկում է միջոցներ կեղծ արձագանքները կայքում հրապարակելը կանխելու համար։

 

Հետաքննության պատճառ են դարձել Իտալիայում հյուրանոցների սեփականատերերի, ինչպես նաև TripAdvisor-ի օգտատերերի բողոքները։

 

TripAdvisor-ի կայքում օգտատերերը կարող են կարծիքներ թողնել հյուրանոցների, տուրիստական ուղղությունների, ռեստորանների և տեսարժան վայրերի մասին։

 

Ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ համաձայն չեն այդ որոշման հետ և կբողոքարկեն այն։