«Զվարթնոց»-ում ադրբեջանցի ուղևորներով 2 ինքնաթիռ է վայրէջք կատարել, նրանց թեյ և սուրճ են հյուրասիրել և ճանապարհել

13:48 • 23.12.14

Թբիլիսիում մառախուղի պատճառով դեկտեմբերի 20-21 լույս և 21-22 լույս գիշերը ուկրաինական ավիաընկերություններին պատկանող երկու ինքնաթիռներ պահուստային վայրէջք են կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Կիև-Թբիլիսի չվերթի ինքնաթիռներից առաջինում եղել են 24, երկրորդում 13 ադրբեջանցի, որոնց «Զվարթնոցում» օգնել են, հյուրասիրել են և ճանապարհել:


«Քանի որ իրենց համար պահուստային էր ընտրված «Զվարթնոցը», նրանք վայրէջք են կատարել այստեղ: Մեր անվտանգության աշխատակիցները նրանց համար ապահովել են անվտանգություն, փոխանակման կետերում գումար փոխանակելու հնարավորություն տվել, թեյ, սուրճ հյուրասիրել և ճանապարհել»,- Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի քաղաքացիական ավիացիոն գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:


«Միգուցե, սկզբում իրենց անվտանգության հետ կապված որոշ մտավախություններ են ունեցել, բայց նրանցից շատերը մի քանի անգամ հրապարակային շնորհակալություն են հայտնել անվտանգությունն ապահովող Հենրիկ Գաբրիելյանին»,- ավելացրեց նա:


Ինչպես տեղեկացնում է Armlur.am–ը, ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ ուղևորներից մեկը պատմել է, որ օդանավում գտնված ադրբեջանցիները վախեցել են Հայաստանում վայրէջք կատարելուց ու խնդրել են օդաչուին Գանձակում վայրէջք կատարել, սակայն օդաչուները որոշել են վայրէջք կատարել Երևանում։