Delta Air Lines-ի երկու աշխատակից ձերբակալվել է՝ զենք տեղափոխելու համար
Ամերիկյան Delta Air Lines-ի երկու աշխատակից ձերբակալվել է՝ ավիաընկերության կանոնավոր չվերթներով զենքի անօրինական տեղափոխման համար:
2014 թվականի մայիսից նրանք իրականացրել են առնվազն 20 նման չվերթ Ատլանտա-Նյու Յորք երթուղով, հաղորդում է lenta.ru-ն: Այդ մասին հայտարարել է Բրուքլինի շրջանային դատախազ Քենեթ Թոմփսոնը:
Հանցավոր խմբի մասնակիցները եղել են Ատլանտայի միջազգային օդանավակայանի ուղեբեռի բաժնի աշխատակից Յուջին Հարվին և ավիաընկերության նախկին աշխատակից Մարք Քվենտին Հենրին: Հարվին փոխանցել է հրազենով ուղեբեռը Հենրի ուղևորին Ատլանտայում: Ընդ որում՝ նա խուսափել է մանրամասն զննությունից՝ անցնելով սքանավորող սարքերի կողքով: Հարթսֆիլդ-Ջեքսոն միջազգային օդանավակայանում փոխադրող ընկերությունների աշխատակիցներն օգտվում են ոչ պարտադիր ստուգման արտոնությունից:
Հենրին բեռը հասցրել է Նյու Յորք, որտեղ զենքը վաճառվել է ոստիկանի միջոցով, ում անունը չի բացահայտվում: Քննությունը պարզել է, որ հանցավոր խմբի անդամները տեղափոխել են առնվազն 153 միավոր զենք, դրանցից 100-ից ավելին հասցրել են վաճառել:
Հենրին ձերբակալվել է Ջոն Քենեդու անվան օդանավակայանում, նրա պայուսակում այդ պահին հայտնաբերվել է 18 ատրճանակ: Նրա հանցակից Հարվին ձերբակալվել է Ատլանտայում իր տանը:










