2015թ. հունվարի 1-ից ԼՂՀ-ում կենսաթոշակը կբարձրանա մոտ 13%-ով. ԼՂՀ սոցապնախարար
2015 թվականի հունվարի 1-ից ԼՂՀ-ում 13%-ով կբարձրանան սոցիալական կենսաթոշակները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար Սամվել Ավանեսյանը:
«Սոցիալական կենսաթոշակը 14 000-ից կդառնա 16 000: Աշխատանքային կենսաթոշակները նույնպես բարձրանալու են: Գործադիրի որոշմամբ` 40%-ով բարձրացվել է նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը»,-ասաց նախարարը՝ շարունակելով. «Հունվարի 1-ից 5000-ական դրամով կբարձրանան պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց, Հայրենական մեծ պատերազմում հաշմանդամ դարձած անձանց, ինչպես նաև` նույն պատերազմում զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անդամներին տրվող պարգևավճարների ամսական չափերը»:
Սամվել Ավանեսյանի հաղորդմամբ՝ 8000-ական դրամով կավելանան ԼՂՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված կամ զինծառայության ընթացքում մահացած զինծառայողի՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող երեխաներին և ընտանիքի այլ անդամներին տրվող պարգևավճարների ամսական չափերը:










