Արտահանումը չպետք է ազդի ներքին շուկայի գնի ու որակի վրա. գյուղատնտեսության նախարար

12:01 • 24.12.14

Ոչխարի մսի, ինչպես նաև կենդանի ոչխարի արտահանման ծավալի աճ է արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում,սակայն դրան զուգահեռ՝ տավարի մսի իրացման խնդիր կա:


Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում այսպիսի հայտարարության արեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ շարունակելով, թե եկող տարում արդեն այդ հարցերը կկարգավորվեն և տավարի միսը կարտահանվի Եվրասիական տնտեսական միության շուկա:


«Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր մարզում ստեղծենք մեկ խոշոր սպանդանոց, ինչպես նաև անասնաբուժական կենտրոններ»,- հայտարարեց նախարարը՝ ընդգծելով, որ խնդիրները շատ են եղել, որոնց մի մասը լուծել են, մյուս մասը դեռ մնում են:


«Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ շատ են խնդիրները և հեշտ չէ դրանց լուծումը»,-նկատեց նախարարը:


Նրա խոսքով՝ ամենագլխավորն է համարվում ոռոգման համակարգի հետ կապված խնդիրը:


«Անպայման պետք է անցենք կաթիլային ոռոգման համակարգին: Կան տնտեսություններ, որոնք արդեն անցել են այդ համակարգին, սակայն դրանք դեռևս շատ փոքր թիվ են կազմում: Անհրաժեշտ է գյուղացիական տնտեսություններին տալ նպատակային վարկեր՝ ցածր տոկոսադրույքով, որպեսզի իրենք կարողանան անցնեն այս համակարգին»,- ասաց նախարարը:


Սննդամթերքի ու սննդամթերքի անվտանգության հետ կապված հարցերը ևս խնդիր է մնում. «Մենք պետք է հատկապես ուշադրություն դարձնենք սննդամթերքի որակին, քանի որ այն պետք է մրցունակ լինի արտաքին շուկայում»,- ասաց Սերգո Կարապետյանը՝ շարունակելով. «Արտահանման համար ԵՏՄ-ն մեզ համար շատ կարևոր է, դա մեզ համար ամենամեծ շուկան է, և մեզ համար առավել հեշտ է հաղորդակցվել իրենց հետ»:


Շարունակելով խոսել ԵՏՄ-ի մասին, նախարարն ասաց, թե պետք է արտադրության ծավալներն ավելացնել, որպեսզի հնարավոր լինի նաև արտահանման ծավալներն ավելացնել: Նրա խոսքով՝ նույնիսկ աշնանն արդեն այդ տենդենցը նկատվեց, որոշ գյուղացիական տնտեսություններ սկսեցին հիմնական շեշտը դնել ցորենի արտադրության վրա:


«Ինչպես թարմ պտուղ-բանջարեղենի, այնպես էլ վերամշակված մթերքի արտադրությունը պետք է մեծացնենք, որպեսզի կարողանանք բավարարել պահանջարկը: Իհարկե՛, առաջին հերթին մենք պետք է ապահովենք ներքին շուկան, որպեսզի ավելցուկն արտահանենք: Արտահանումը պետք է չազդի ներքին շուկայի գնի ու որակի վրա»,- հայտարարեց Սերգո Կարապետյանը: