Ֆերգյուսոնում ոստիկանի կողմից կրկին սևամորթ դեռահաս է սպանվել (լուսանկարներ)
Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանության աշխատակցի կողմից կրկին սևամորթ դեռահաս է սպանվել։ Դա տեղի է ունեցել գազալցակայանում՝ ընդամենը մի քանի մղոն հեռավորության վրա այն վայրից, որտեղ տեղի էր ունեցել զանգվածային բողոքի ակցիաների պատճառ դարձած Մայքլ Բրաունի սպանությունը, գրում է Daily Mail-ը:
18-ամյա Անտոնիո Մարտինը սպանվել է գիշերը ժամը 1-ի սահմաններում:
Ցուցարարների մեծ խումբ է հավաքվել սպանության վայրում, որտեղ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մարդկանց դեմ:
Տղայի մայրը՝ տիկին Մարտինը պատմել է, որ իր որդին սպանության ժամանակ եղել է իր ընկերուհու հետ: Այլ տեղեկությունների համաձայն՝ ոստիկանները մոտեցել են Մարտինին և նրա ընկերոջը և ցանկացել նրանց խուզարկել: Երկրորդ անձը վնասվածքներ չի ստացել:
Սենթ Լուիսի շրջանի ոստիկանությունը պնդում է, որ Մարտինը զենք է հանել և այն պահել ոստիկանի ուղղությամբ, ով այնուհետ կրակ է բացել: Ոստիկանության խոսնակ Բրայան Շելմանի խոսքով՝ ոստիկանը սովորական շրջայց է կատարել գազալցակայանում, երբ տեսել է երկու տղամարդու և մոտեցել նրանց:
Ականատեսների խոսքերով՝ ոստիկանությունը շտապօգնություն չի կանչել Անտոնիոյի համար։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Ֆերգյուսոնում ոստիկանը սպանել էր անզեն սևամորթ դեռահասի՝ Մայքլ Բրաունին, ինչը բողոքի ցույցերի պատճառ էր դարձել։















