Հյուսիսային Կորեայում հիշում են Կիմ Չեն Իրի և նրա մոր արժանիքները
Հյուսիսային Կորեայում հիշատակի միջոցառումներ են անցկացվում Կիմ Չեն Իրի՝ Կորեայի ազգային բանակի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի զբաղեցման 23-ամյակի կապակցությամբ։ Երկրի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամանատարների մեծ խմբի ուղեկցությամբ այցելել է Կիմսուսանի պալատ, որտեղ ամփոփված է նրա հոր մարմինը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Այդ հսկայական համալիրի 2 սրահներում ներկայացված են նաև հանգուցյալի բազմաթիվ մրցանակներ, զբոսանավը, ավտոմեքենան, գնացքի վագոնը, որոնք կենդանության օրոք օգտագործել է Կիմ Չեն Իրը։
Երկրի բնակիչների ուշադրության կենտրոնում է նաև ևս մեկ իրադարձություն՝ նախագահ Կիմ Իր Սենի լեգենդար կնոջ՝ Կիմ Չեն Սուկի ծննդյան 97-ամյակը։ Այս կապակցությամբ արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների աշխատակցուհիներին հրավիրել են մանկատուն։ Մայրաքաղաքի բնակիչները ծաղիկներ են դնում Կիմ Չեն Սուկի կիսանդրու մոտ։
Հյուսիսային Կորեայի պաշտոնական պատմագրությունում նա հիշատակվում է որպես «առաջնորդի՝ Կիմ Իր Սենի նվիրյալ պաշտպան»։ Նա ամուսնու հետ պայքարել է ճապոնացի զավթիչների դեմ, եղել է հրաշալի հրաձիգ։










