Տոնական միջոցառումներ են կազմակերպվել անապահով ընտանիքների երեխաների համար. Երևանի քաղաքապետարան

15:31 • 24.12.14

Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ   Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  հանձնարարությամբ,  ի թիվս  տարաբնույթ նախաձեռնությունների, քաղաքապետարանի  կողմից  4000 երեխաների համար  կազմակերպվել են  ամանորյա  տոնական միջոցառումներ։


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Ամանորյա մանկական հանդիսությունների շրջանակում դեկտեմբերի 24-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցած ամանորյա միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է  դահլիճում հավաքված երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ Ամանորի և Սուրբ ծննդի առիթով և վստահեցրել, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն:


Մասնակից երեխաների ցանկում ընդգրկված են  անապահովության գնահատման  համակարգում  հաշվառված   ընտանիքների  երեխաներ,  հաշմանդամ երեխաներ, սիրիահայ ընտանիքների երեխաներ, տարբեր սոցիալական  խմբերի, այդ թվում՝  ազգային փոքրամասնությունները  ներկայացնող  ընտանիքների  երեխաներ։