Երևանի 2015թ.-ի ծրագիրն էապես տարբերվում էր նախորդից. Ստյոպա Սաֆարյան
Երևանի ավագանու նիստին մայրաքաղաքի 2015թ.-ի համար մշակված ծրագրին «Բա´րև, Երևան» դաշինքի կողմ քվեարկությունը, ըստ դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանի, պայմանավորված է մի քանի հանգամանքով. «Նախ՝ այս տարվա ծրագիրն էապես տարբերվում էր այն ծրագրից, որը մենք շատ խիստ քննադատում էինք անցած տարի հաստատելու ժամանակ: Երկրորդը՝ այդ ծրագրում քաղաքապետարանի աշխատակազմը ներառել էր ո´չ միայն այս տարվա համար «Բա´րև, Երևանի» ներկայացրած առաջարկներ, այլ նաև` անցած տարվա ընթացքում նիստերին դաշինքի բարձրաձայնած հարցերը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ այս տարվա ընթացքում նաև «Բա´րև, Երևանի» ակտիվությունը բազմաթիվ խնդիրների լուծում բերեց: Ամենամեծ թվով գրագրություն քաղաքապետարանի հետ ունեցել է «Բա´րև, Երևանը». «Հետևաբար` մենք բավականին երկար քննարկումների արդյունքում որոշեցինք գնահատական տալ թե´ արված աշխատանքներին, թե´ նաև մեր ներկայացրած ծրագրերին»:
Հարցին, թե արդյո՞ք ծրագիրը գոհացրեց դաշինքին, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Մեզ կարող են գոհացնել այն ծրագրերը, որոնցում արտացոլված են այն խնդիրները, որոնք մենք մեր ծրագրում ենք ներկայացրել, մենք չենք կարող ողջունել այն քաղաքականությունը, որն արվում է մայրաքաղաքի համար: Եթե մենք լինեինք իրենց փոխարեն, միանգամայն այլ քաղաքականություն կվարեինք, բայց մենք ձեռնպահ քվերակելուց առաջ գնահատել ենք վերը նշված փաստերը»:










