Կիմ Չեն Ընի մասին սկանդալային ֆիլմը Sony-ն այսօր կտարածի YouTube-ում և այլուր

23:09 • 24.12.14

Ամերիկյան Sony Pictures ընկերությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի մասին սկանդալային «Հարցազրույցը» ֆիլմը այսօր կտարածի համացանցում:

 

CNBC-ն հայտնում է, որ մասնավորապես՝ «Հարցազրույցը» կզետեղվի Google Play-ում, YouTube-ում, Microsoft Xbox-ում և հենց Sony-ի կայքում:

 

Դեկտեմբերի 25-ից ֆիլմը վճարովի հիմունքներով հասանելի կլինի ինտերնետում: Ըստ մամուլի՝ ֆիլմը մատչելի կլինի 5 - 15 դոլար վճարման դիմաց:

 

Նախօրեին ընկերությունից հայտնել էին, որ ֆիլմը կցուցադրվի նաև  300  ամերիկյան կինոթատրոններում, չնայած դրանից առաջ Հյուսիսային Կորեայի ռազմատենչ սպառնալիքների ֆոնին Sony Pictures-ն ընկրկել էր և հրաժարվել ֆիլմից:

 

Հյուսիսկորեացի հաքերները նոյեմբերի վերջին հարձակում էին իրականացրել Sony Pictures-ի վրա և հայտնել, որ ֆիլմը էկրան բարձրացնելու դեպքում ահաբեկչական գործողություններ կիրականացվեն:

 

Ըստ ֆիլմի սյուժեի՝ երկու ամերիկացի լրագրող, որոնց դերերը կատարում են հայտնի դերասաններ Ջեյմս Ֆրանկոն և Սեթ Ռոգենը, ուղևորվում են Հյուսիսային Կորեա՝ Կիմ Չեն Ընից հարցազրույց վերցնելու, սակայն մեկնումից առաջ հերոսներին հավաքագրում է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը և նրանց մասնակից դարձնում Ընի դեմ մահափորձի առաքելությանը: