Քաղավիացիայի պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է TRACECA ծրագրի նիստին

10:52 • 24.12.14

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակությունը Վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ 2014 թվականի դեկտեմբերին Բրյուսելում մասնակցել է Եվրամիության TRACECA ծրագրի քաղաքացիական ավիացիայի բնագավառի երկրորդ նախագծի համակարգող հանձնաժողովի նիստին: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանը։


Եվրամիության TRACECA ծրագրի քաղաքացիական ավիացիայի բնագավառի երկրորդ նախագծի շրջանակներում կոորդինացնող հանձնաժողովի 5-րդ նիստին ներկայացվել է կատարված աշխատանքների վերաբերյալ ընդլայնված հաշվետվությունը, քննարկվել է ծրագրի շրջանակներում Եվրամիության TRACECA ծրագրի քաղաքացիական ավիացիայի բնագավառի երկրորդ նախագծի շրջանակներում հետագա աշխատանքների ծրագիրը:


Մասնավորապես, նշվել է, որ ներկայումս ընթացող ծրագիրը կավարտվի 2015 թվականի օգոստոսին, որից հետո 2015 թվականի աշնանը նախատեսվում է նոր ծրագրի մեկնարկման համար համապատասխան պայմանագրի քննարկումը և ստորագրումն Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) և Եվրոպական հանձնաժողովի միջև:


Հայկական պատվիրակությունն առաջարկել է, որպեսզի ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերվի Հայաստանում ավիացիոն անվտանգության ուսումնական լսարանի պատրաստման հարցում, քանի որ համապատասխան սարքավորումներով համալրված կենտրոնի և ուսուցման ապահովումը կբերի որակյալ մասնագետների պատրաստմանը և ավիացիոն անվտանգության մակարդակի բարձրացմանը:


TRACECA ծրագրի պատասխանատուները նշել են, որ մոտ ժամանակահատվածում այս հարցը հնարավոր չէ ընդգրկել ավարտվող ծրագրում, սակայն վերջիններս կապահովեն հաջորդ ծրագրում հայկական կողմի առաջարկության ընդգրկումը: Հայկական պատվիրակությունը խնդրել է, որպեսզի սույն առաջարկությունը և ծրագրի պատասխանատուների պատրաստակամությունն ամրագրվի նիստի արձանագրության մեջ, ինչն էլ ընդունվել է կազմակերպիչների կողմից և արձանագրվեց համապատասխանաբար: