Ուկրաինայում պատգամավորների ոտքերի տակ ռումբ են նետել

08:48 • 25.12.14

Ուկրաինայի մայրաքաղաքում «Կիև» հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել: Ինչպես հայտնում են Ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային վարչությունից, անհայտ երիտասարդը պայթուցիկ է նետել ժողովրդական պատգամավորների ոտքերի տակ, որոնց թվում է եղել Գերագույն ռադայի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Պարուբին, հաղորդում է lenta.ru-ն:

 

Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 23:20-ին: Այդ նույն փողոցում է գտնվում Ուկրաինայի խորհրդարանի շենքը:

 

Պայթյունից հետո երիտասարդը փախուստի է դիմել, ոստիկանության աշխատակիցները սկսել են հետապնդումը: Հետապնդման ընթացքում նա իրավապահների ուղղությամբ ևս մեկ ռումբ է նետել: Վիրավորվել է մեկ ոստիկան, նա հոսպիտալացվել է: Այն մասին, թե տուժել են արդյոք պատգամավորները, չի հաղորդվում:

 

Այժմ անցկացվում են միջոցառումներ հարձակվողի անձը բացահայտելու և նրան կալանավորելու ուղղությամբ: