Բելառուսը, Ուկրաինային հետևելով, դադարեցրել է Ղրիմի ուղղությամբ գնացքների շարժը

15:02 • 27.12.14

Դեկտեմբերի 27-ից Բելառուսը դադարեցրել է դեպի Ղրիմ երթուղի իրականացնող միակ գնացքի աշխատանքը, հաղորդում է korrespondent.net-ը: Այդ մասին հայտարարել է «Բելառուսական երկաթուղիների» մամուլի ծառայությունը:

 

«Այս գործողությունները ձեռնարկվել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և Укрзалiзниця երկաթուղային վարչության հեռագրի համաձայն»,- նշել են «Բելառուսական երկաթուղիների» ներկայացուցիչները:

 

Ժամանակացույցում նախատեսված փոփոխությունների առնչությամբ երկաթուղային հաղորդակցության ղեկավարությունը խնդրում է ուղևորներին, ովքեր նախապես գնացքի տոմսեր են ձեռք բերել, դիմել տոմսարկղեր, որտեղ նրանց կվերադարձվի տոմսերի ողջ արժեքը:

 

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ՝ Ուկրաինան դեկտեմբերի 27-ից սահմանափակում է Ղրիմ ուղևորվող գնացքների ուղեգիծը՝ «Նովոալեքսեևկա» և «Խերսոն» կայարաններով։

 

Բացի այդ՝  անվտանգության նկատառումներով դադարեցվում է ուղևորատար տրանսպորտի աշխատանքն Ուկրաինայի ցամաքային հատվածից Ղրիմ: