Արցախի վարչապետը պարգևատրել է հարկային պետական ծառայության մի խումբ աշխատակիցների

18:28 • 27.12.14

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է հարկային պետական ծառայության մի խումբ աշխատակիցների՝ ծառայության պետ Արտակ Բալայանի գլխավորությամբ:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ վարչապետն իր խոսքում բարձր է գնահատել ծառայության աշխատանքը պետական բյուջեի մուտքագրումն ապահովելու, պետական կարևորագույն ծրագրերն իրականացնելու և հանրապետության տնտեսության զարգացման գործում:

 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետական բյուջեի մուտքերը վարվող տնտեսական քաղաքականության արդյունք պետք է լինեն, այլ ոչ թե նպատակ: Ա. Հարությունյանի համոզմամբ՝ հարկատուները պետք է վստահ լինեն, որ հավաքագրվող յուրաքանչյուր լումա ծախսվում է անհրաժեշտ ծրագրերի կյանքի կոչման համար և, որ յուրաքանչյուր հարկատու իր ներդրումն ունի մեր պետության շինարարության գործում: Վարչապետը հորդորել է նույն տեմպերով շարունակել աշխատանքը` կարևորելով հարկատուների հետ պարբերաբար կազմակերպվող սեմինար-դասընթացների և հանդիպումների նշանակությունը:

 

Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ոլորտում ունեցած ավանդի և հարկային բնագավառում երկարամյա ծառայության համար՝ մի խումբ աշխատակիցների կառավարության ղեկավարը պարգևատրել է Վարչապետի հուշամեդալով և պատվոգրերով:

Արտակ Բալայանն իր աշխատակիցների անունից շնորհակալություն է հայտնել վարչապետին` ջերմ ու անմիջական հանդիպման համար և վստահեցրել, որ հետագա աշխատանքով էլ ավելի կամրապնդեն վստահությունն իրենց կառույցի նկատմամբ:

Հանդիպման ավարտին վարչապետը շնորհավորել է ներկաներին` գալիք ամանորյա տոների առթիվ և նրանց մաղթել նոր հաջողություններ: