«Օրենքով գողերը» ժամանում են Մոսկվա՝ մեծ հավաքին մասնակցելու. նրանց կանչել է քրեական հեղինակություն Զախարի Կալաշովը

11:58 • 27.12.14

Մոսկվա են սկսել ժամանել ազդեցիկ «օրենքով գողեր» ԱՊՀ-ից և Եվրոպայի երկրներից։ Նրանք պետք է մասնակցեն վերջին տարիների «քրեական գեներալների» ամենամեծ հավաքին։

 

Նրանց բոլորին կանչել է ռուսական մաֆիայի ղեկավար Զախարի Կալաշովը (Շաքրո-մոլոդոյը)։ Հանդիպման ընթացքում կորոշվի ավելի քան 150 «գողի» ճակատագիրը, որոնց «թագերը» կասկածի տակ են առնվել, գրում է rosbalt.ru-ն։

 

Իրավապահ մարմիններում նշում են, որ վերջին օրերին Մոսկվա են ժամանել մի քանի տասնյակ ազդեցիկ «օրենքով գողեր»։ Նրանց թվում՝ Դավիդ Սեբիսքվերաձեն (Դաթո), ով երկար տարիներ ապրում է Հունաստանում և վերջին շրջանում հսկում է մաֆիայի գործերը մի շարք եվրոպական երկրներում, ինչպես նաև՝ Վաժա Բիգանիշվիլին, ով ապրում է Եվրոպայում և Ղազախստանում։

 

«Ստույգ ամսաթիվը որոշված չէ, ամենայն հավանականությամբ, միջոցառումը կանցկացվի նախքան Ամանորը, եթե, իհարկե, հատուկ ծառայություններն ու իրավապահները չորոշեն խանգարել»,- նշել է աղբյուրը։

 

Հավաքի գլխավոր թեման պետք է դառնա երկարատև պատերազմը Տարիել Օնիանիի, Մերաբ Ջանգվելաձեի և Ասլան Ուսոյանի կլանների միջև։ Համարվում է, որ հենց այդ պատերազմի զոհերն են դարձել Ասլան Ուսոյանը՝ Դեդ Հասանը, և Վյաչեսլավ Իվանկովը՝ Յապոնչիկը։