Ավիավթար. մալայզիական ուղևորատար Airbus 320-200 ինքնաթիռը կորցրել է կապը դիսպետչերների հետ

10:34 • 28.12.14

Մալայզիական Air Asia ավիաընկերության ինքնաթիռներից մեկը Սուրաբայ-Սինգապուր չվերթն իրականացնելու ժամանակ եղանակային վատ պայմանների պատճառով կորցրել է կապը դիսպետչերների հետ և, ըստ kommersant.ru-ի, Սումատրայի արևելյան ափին մոտ գտնվող Բելիտունգ կղզու մոտակայքում ընկել է ծովը:


Աղբյուրը, տեղի ԶԼՄ-ներին հղումով, հայտնում է, որ շրջանառվում է մեկ այլ վարկած, ըստ որի, մալայզիական ինքնաթիռը կործանվել է վառելիքի սպառման պատճառով:


Աղբյուրը մանրամասնում է, որ Ճավայի ծովի վրա անհետացած Airbus 320-200 օդանավում եղել է 155 ուղևոր, որի մեծ մասը եղել են Ինդոնեզիայի քաղաքացիներ: Ըստ CNN–ի՝ ինքնաթիռում եղել է 162 մարդ։ 


Lenta.ru-ն հավելում է, որ ավիաընկերությունն արդեն սկսել է որոնողա-փրկարարական աշխատանքները:


Հայտնի է, որ ինքնաթիռի առեղծվածային անհետացումից առաջ դրա անձնակազմը թույլտվություն է խնդրել ցամաքային օդակարգավարական ծառայությունից` շարժվել ուրիշ ճանապարհով, ինչը նախապես ծրագրված չի եղել: Աղբյուրը հավելում է, որ նման խնդրանքը պայմանավորված է եղել անբարենպաստ եղանակային պայմաններով` մասնավորապես ամպերի հաստ շերտով: