Ոչ բավարար, բայց դինամիկ աճ ենթակառուցվածքների զարգացման հարցում. փոխնախարարը՝ տուրիզմի մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը Tert.am-ի հետ զրույցում խոսում է Հայաստանի զբոսաշրջության նոր հնարավորությունների, զարգացման հիմնական խոչընդոտների մասին, ինչպես նաև ներկայացնում հաջորդ տարվա սպասելիքները. «Ոչ բավարար, բայց ինչ-որ չափով դինամիկ աճ կա Հայաստանում զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման առումով, ունենք նոր բացված հյուրանոցներ, նոր տուրարտադրանքներ»։
- Այս տարի զբոսաշրջիկների համար հյուրանոցների և այլ ենթակառուցվածքների մասով ի՞նչ նորություններ կան Հայաստանում:
- Այս տարի մեզ մոտ մի շարք հյուրանոցներ են ավելացել, իսկ, ընդհանուր առմամբ, տուրիզմի մեջ բոլորին հետաքրքրող ենթակառուցվածքների հարցին եթե վերադառնանք, սա մի փոքր նման է հավի և ձվի պատմությանը. պետք է լինի ենթակառուցվածք, որպեսզի տուրիստը գա և պետք է լինի տուրիստ, որպեսզի ենթակառուցվածք լինի: Վերադառնալով տնտեսագիտությանը՝ միանշանակ կարող ենք փաստել, որ շուկան կբերի նրան, որ ենթակառուցվածքները կզարգանան: Մենք գտնում ենք, որ կրկին ոչ բավարար, բայց ինչ-որ չափով դինամիկ աճ կա ենթակառուցվածքների զարգացման առումով, ունենք նոր բացված հյուրանոցներ, նոր տուրարտադրանքներ: Զբոսաշրջության մեջ զարգանում են ինչ-որ ճյուղեր, որոնք մեր կողմից երբևէ պլանավորված չեն եղել: Ինձ համար ամենաանսպասելին սարերից պարապլանային թռիչքներ իրականացնելու այցերն են, մի շարք խմբեր Ռուսաստանից և այլ երկրներից գալիս են Հայաստան հատուկ այդ նպատակով: Սա մի փոքր գործընթաց է, որին պետությունը հատուկ ուշադրություն չի դարձրել: Սա ինչ-որ մի ճյուղ էր, որն անսպասելիորեն սկսեց զարգանալ:
-Արտասահմանցիների համար Հայաստանին ամենաբնորոշը բրենդը ի՞նչը կհամարեք:
-Այս տարի Ազգային մրցունակության հիմնադրամը և USAID-ն միասին պատվեր տվեցին մի ամերիկյան կազմակերպության, որպեսզի մշակվի Հայաստանի բրենդը: Աշխատանքները շարունակվում են, շուտով պետք է ամփոփվեն, և ես կարծում եմ, որ հաջորդ տարվա սկզբներին մենք կունենանք միջազգայնորեն սահմանված հայկական բրենդ: Դրա շրջանակներում անցկացվել է շուրջ 3000 հարցազրույց տարբեր խավերի մարդկանց հետ: Հիմա ուսումնասիրողները կանգնել են Արարատի, նռան և ծիրանի վրա, բայց որոշումը դեռ վերջնական չէ:
-Իսկ զբոսաշրջիկների քանակական տվյալներով ինչպիսի՞ պատկեր է ստացվում:
-Քանի որ Հայաստանի ճանապարհը հիմնականում ավիափոխադրումներով է, դա նպաստում է նաև դրանց աճին: Մենք ունենք նաև զբոսաշրջիկների աճ: Այս տարի դեռ թվերը վերջնական չեն, բայց սեպտեմբերի դրությամբ մենք նախորդ տարվա նկատմամբ ունենք 15 տոկոս աճ: Մինչև տարվա վերջ այդ թիվը էլի կաճի, բայց 15-20 տոկոս աճ կանխատեսում ենք:
-Իսկ տարվա ընթացքում կա՞ն ինչ-որ իրադարձություններ, որոնք գրավում են զբոսաշրջիկին:
-Իհարկե, մենք ունենք մի շարք փառատոներ, օրինակ՝ գինու փառատոնը, որն Արենիում անցկացվում է արդեն 6-րդ տարին, ունենք խորովածի, մեղրի, հացի և այլ փառատոներ: Այս պահին բանակցություններ են տարվում նաև Արցախի հետ համատեղ փառատոններ կազմակերպելու մասով, 2015 թվականի նոր բաներ ևս կունենանք:
-Որպես փոխնախարար, Հայաստանի ճանապարհների մասին ի՞նչ կասեք, գոհացնո՞ւմ են դրանք Ձեզ:
-Ես գոհ չեմ, ամեն ինչն էլ ավելի պետք է բարելավել, ես կարծում եմ, որ մենք միշտ պետք է ձգտենք էլ ավելի լավն ունենալ: Ունենք այն, ինչ ունենք:
-Ո՞րն է Հայաստանում զբոսաշրջության զարգացման հիմնական խոչընդոտը:
-Փակ սահմանները, աշխարհաքաղաքական ինչ-որ գործընթացներ:
-Ո՞ր երկրներից են ավելի շատ այցելու Հայաստան:
-Առաջին տեղում մշտապես Ռուսաստանի դաշնությունն է, երկրոդ տեղում Վրաստանն է, երրորդը Իրանն է և Ուկրաինան: Եվրոպական երկրներից Ֆրանսիան է, Լեհաստանը: Իրականում դա շատ հիմնավորված գործընթաց է՝ պայմանավորված հայկական գաղթօջախներով: Դժվար է հաշվարկել, թե զբոսաշրջիկի որ մասն է հայ, որն ապրում է այլ երկրում: Մենք կարող ենք ասել, որ Հայաստանի սահմանը հատելու քանակով արտասահմանյան անձնագրով ոչ ՀՀ քաղաքացիների այցերով պատկերն այդպիսին է: Բայց մենք գիտենք, որ մեր սփյուռքահայ հայրենակիցները ակտիվ գալիս են Հայաստան, և այստեղ նույնպես հարց է առաջանում, թե ով է զբոսաշրջիկը:
-Արտասահմանում կա՞ն հայկական տուրեր, որպեսզի ոչ սփյուռքահայերը Հայաստան այցելության փաթեթ գնի և գա Հայաստան:
-Իհարկե, շատ կան, մեր տուրօպերատորներն առաջարկում են բազմատեսակ, բազմաբովանդակ պայմաններ տարբեր խմբերի համար: Առաջարկում են կրոնական, խոհարարական, էքստերմալ տուրիզմ, էկոտուրիզմ և այլն: Կան մարդիկ, ովքեր հատուկ գալիս են Հայաստան թռչունների շարժին հետևելու համար:










