ԼՂՀ Նախագահը պարգևներ է հանձնել տարբեր ոլորտներում հաջողություններ ունեցած մի խումբ անձանց

17:16 • 29.12.14

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած մի խումբ անձանց պարգևատրման հանդիսավոր արարողություն, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Իր խոսքում ԼՂՀ Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազնիվ ու քրտնաջան աշխատանքից է նաև մեծապես կախված Արցախի ապագան` հավելելով, որ երկարամյա, հայրենանվեր աշխատանքը միշտ գնահատվել է մեր ժողովրդի կողմից, վայելել հասարակության սերն ու հարգանքը:


Անդրադառնալով արցախցի մարզիկների հաջողություններին՝ Բակո Սահակյանը նշել է, որ իրենց հաղթանակներով նրանք ուրախության ու պարծանքի պահեր են պարգևել ողջ հայությանը: Նախագահի բնութագրմամբ՝ սպորտի ոլորտում ավանդական դարձած Արցախի հաջողություններն արդյունք են ինչպես մարզիկների և նրանց մարզիչների մեծ ջանքերի, այնպես էլ այն ծավալուն աշխատանքի, որը պետության կողմից իրականացվում է սպորտի բնագավառում տարիներ շարունակ:


Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ, վստահություն հայտնել, որ նրանք կշարունակեն աշխատել նույն եռանդով, մաղթել Նոր տարում հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ:


Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: