Հարուստ բրիտանացիներն արկածների համար մեկնում են Աֆղանստան. Times
Հարուստ բրիտանացիներն արկածների համար մեկնում են Աֆղանստան, Պակիստան և Իրաքյան Քուրդիստան, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Times-ին:
Ինչպես հայտնել են Wild Frontiers ընկերությունից, դեպի այդ երկրներ խմբակային շրջագայությունների թիվն աճել է վերջին տարում ավելի քան երկու անգամ: Նման ուղևորությունների գծով մասնագիտացած ևս մեկ օպերատոր՝ Hinterland Travel-ը պնդում է, որ 2014 թվականը դեպի Աֆղանստան շրջագայությունների առումով ամենածանրաբեռնվածն է եղել:
Զբոսաշրջային ընկերություններում պնդում են, որ հետևում են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նախազգուշացումներին, որը խորհուրդ է տալիս խուսափել այս կամ այն երկրներ կամ տարածաշրջաններ ուղևորություններից: Սակայն տուրօպերատորները հայտարարում են, որ նման խորհուրդները հաճախ չեն համապատասխանում իրականությանը:
Աֆղանստան այցելել ցանկացողներին բացատրում են բոլոր հնարավոր խնդիրները, որոնց նրանք կարող են բախվել: Վտանգավոր գոտիներ այցելած բրիտանացի զբոսաշրջիկներից դեռ ոչ մեկ չի տուժել:
Ավելի վաղ էքստրեմալ զբոսաշրջիկների շրջանում տարածված ուղղություններից էին Մալիի կենտրոնական հատվածը, Լիբիան և Սիրիան, սակայն վերջին շրջանում այնտեղ մեկնելը շատ վտանգավոր է դարձել:










