«Երևան» թիմը դարձել է «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ հեռուստախաղի աշխարհի փոխչեմպիոն

17:56 • 29.12.14

«Բրեյն ռինգ» ինտելեկտուալ հեռուստախաղի եզրափակիչ փուլում փայլուն հանդես գալով՝ հայաստանյան «Երևան» թիմը դարձել է աշխարհի փոխչեմպիոն։


Այս մասին հայտնում են Գիտակների հայկական ասոցիացիայից։


Մինսկում կայացած աշխարհի խաղերին մասնակցել են երեք հայկական թիմեր՝ «Արմենիան», «Երևանը» և «Պերեզագրուզկան»։ Ընդհանուր առմամբ առաջնության մասնակցել են գիտակներ 6 երկրից՝ Բելառուս, Ռուսաստան, Լատվիա, Ուկրաինա, Հայաստան և Ադրբեջան:

 

Մի քանի տպավորիչ հաղթանակ տանելով՝ հայաստանյան թիմը հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է բելառուսական թիմին՝ վերջին հարցին չհասցնելով սեղմել կոճակը:


«Երևան» թիմի ավագ Լևոն Նիկողոսյանի խոսքով՝ այս տարի հայկական թիմերը, հանդես գալով միասնական ճակատով, բարձր որակի խաղ ցուցադրեցին, ինչը նաև հնարավորին դարձավ Կրթության և գիտության նախարարության երկարամյա աջակցության շնորհիվ:  Ըստ նրա՝ հաջորդ տարի և՛ իր թիմը, և՛ մյուս հայկական թիմերը իրենց բոլոր ուժերը կգործադրեն, որպեսզի աշխարհի Գավաթը բերեն Հայաստան: