Արտգործնախարարն այցելել է ՀՀ Զինված ուժերի զորամաս

16:31 • 29.12.14

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր այցելել է ՀՀ Զինված ուժերի N զորամաս:


Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Ժամանելով զորամաս` Էդվարդ Նալբանդյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև։


Արտգործնախարարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել զինվորների ծառայության պայմաններին:


Այնուհետև նախարար Նալբանդյանը զորամասի նիստերի դահլիճում հանդիպել է սպայակազմի և զինծառայողների հետ, պատասխանել է Հայաստանի արտաքին քաղաքականության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքների, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների, տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հարցերի։

Շնորհավորելով զինվորականներին գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ, ավանդաբար, ընտանեկան ամանորյա տոները նրանք նշում են ընտանիքներից հեռու, քանի որ իրականացնում են Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։ Նախարար Նալբանդյանը խաղաղ ծառայություն և հաջողություններ է ցանկացել սպաներին և զինվորներին՝ ընդգծելով, որ նրանց հաջողությունից է կախված մեր Զինված ուժերի ամրությունը և հզորությունը։

Նախարարը նրանց մաղթել է բարի և հաջողություններով լի տարի, այնպիսի ծառայություն, որ ընտանիքներում հպարտ լինեն իրենց զավակներով և ուրախանան բանակից ստացվող լուրերով։
Էդվարդ Նալբանդյանը վստահեցրել է, որ հայ դիվանագետները շարունակելու են իրենց ջանքերն՝ ուղղված հարատև խաղաղության և կայունության ամրապնդմանը։