Զիմբաբվեում քաղաքական սկանդալ է հասունացել. երկրի առաջին տիկինը «պաշտոնակատար» ունի
Զիմբաբվեի նահանգային կառավարության նախարար Ֆաբեր Չիդարիկիրեն անհարմար վիճակում է հայտնվել, երբ սխալ է թույլ տվել երկրի նախագահի պաշտոնակատարի կնոջը ներկայացնելիս, գրում է Обозреватель-ը։
Այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Մուգաբեն կնոջ՝ առաջին տիկին Գրեյսի հետ գտնվել է Ասիայում, որտեղ իր հանգիստն է անցկացրել։ Մեկնելուց առաջ նախագահը նոր փոխնախագահ Էմերսոն Մնանգագվային նշանակել է իր պաշտոնակատար։ Նրա կինը՝ Օկսիլան, այդ հանգստյան օրերին եղել է Չինհոյի քաղաքում, որտեղ Չիդարիկիրեն նրան ներկայացրել է որպես «առաջին տիկնոջ պաշտոնակատար»։
Այդ արտահայտությունը հայտնվել է տեղական մամուլի առաջին էջերին։ Շատ ընթերցողներ գրել են, որ ապշած են Չիդարիկիրեի խոսքերից, ով այդ կերպ անհարգալից է վերաբերվել Գրեյս Մուգաբեին։
«Ես կատակեցի, այնուհետ ուղղեցի ինձ և ասացի, որ նա չի կարող լինել առաջին տիկնոջ պաշտոնակատար, քանի որ առաջին տիկինը գտնվում է նախագահի հետ»,- ասել է Չիդարիկիրեն։
ԶԼՄ-ները գրում են, որ նախարարի արտահայտությունը կարող է գաղտնի քաղաքական իմաստ պարունակել։ Այս ամիս փոխնախագահ նշանակված Մնանգագվան համարվում է ամենահավանական իրավահաջորդը Մուգաբեի հիվանդության կամ մահվան դեպքում։
Սակայն վերլուծաբանները կարծում են, որ նրան մրցակից կարող է լինել 49-ամյա առաջին տիկին Գրեյսը։










