AirAsia օդանավի անհետանալու շրջակայքում ծուխ են նկատել
Ինդոնեզիայի որոնողափրկարարական ծառայությունները ստուգում են տեղեկություններն այն մասին, թե ծուխ է նկատվել այն վայրում, որտեղ ենթադրաբար անհետացել է AirAsia ավիաընկերության օդանավը, գրում է lenta.ru-ն:
Տեղեկությունները ստուգելու համար հետազոտվող տարածքում գտնվող կղզիներ է ուղարկվել երկու որոնողական Cessna ինքնաթիռ, հայտնել է որոնողափրկարարական առաքելության օպերատիվ տնօրեն Մաքս Ռուլանդը: Որոնման գոտին մեծացվել է, այժմ այն մեծ է Կալիֆոռնիայի նահանգի տարածքից:
Որոնողափրկարարական առաքելության ղեկավար Հենրի Բամբանգ Սոլիստիոն ասել է, որ ելնելով 8501 չվերթի վերջին հայտնի կոորդինատներից, ինքնաթիռը, հավանաբար, ընկել է ջուրը և գտնվում է օվկիանոսի հատակին: Այնուամենայնիվ, որոնողական աշխատանքները նախատեսվում է տեղափոխել նաև օվկիանոսում գտնվող կղզիներ:
Մալայզիական AirAsia ընկերության Airbus A320-200 ինքնաթիռը, որը թռչում էր ինդոնեզական Սուրաբայից Սինգապուր, անհետացել է ռադարներից դեկտեմբերի 28-ի գիշերը: Օդանավում է եղել 162 մարդ, այդ թվում 17 երեխա:










