Բրիտանիայում գաղտնազերծել են Ռեյգանի և Թետչերի նամակագրությունը Գորբաչովի մասին
Մեծ Բրիտանիայի ազգային արխիվը երեքշաբթի հրապարակել է գաղտնի փաստաթղթեր, որոնք լույս են սփռել Միխայիլ Գորբաչովի հետ երկրի վարչապետ Մարգարեթ Թետչերի ծանոթության վրա, գրում է lenta.ru-ն:
Իր առաջին պաշտոնական այցը Մեծ Բրիտանիա Գորբաչովը կատարել է 1984 թվականին՝ ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար դառնալուց չորս ամիս առաջ: Թետչերն այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ նամակագրությունում նկարագրում է ապագա խորհրդային առաջնորդին որպես սիրալիր, հմայիչ, հումորի զգացումով մարդ:
«Նա իրեն համեմատաբար բաց և ըմբռնող մարդու պես է պահում: Ես համոզված եմ, որ նրա հետ կարելի է աշխատել: Ինձ նա իրականում դուր եկավ»,- նշել է վարչապետը: Նա նաև նկարագրել է իր սուր դիտողություններին նրա ցույց տված արձագանքը. «Նա ակնհայտորեն չէր սպասում ինձանից Խորհրդային միությունում մարդու իրավունքների պահպանմանը վերաբերող հարցեր»:
Բացի այդ, հրապարակված փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչով է բրիտանական իշխանություններին հիշվել Գորբաչովի կին Ռաիսան: Այցի ժամանակ նա մտել է երկրի լավագույն ոսկերչական խանութներից մեկը՝ Mappin and Webb, որտեղ ադամանդներով և սուտակներով ոսկե ականջօղեր է գնել:










