Բելգիայի ներքին գործերի նախարարը կոչ է արել ստեղծել «օտարերկրացի գրոհայինների ցանկ»

18:56 • 11.01.15

Բելգիայի ներքին գործերի նախարար Ժան Ժամբոնը անհրաժեշտ է համարում օտարերկրացի գրոհայինների միասնական ցանկի ստեղծումը՝ ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ երկրների համագործակցության շրջանակում, հաղորդում է ria.ru-ն:

«Մեր երկրների հատուկ ծառայությունների միջև համագործակցությունը վճռական նշանակություն ունի: Պետք է ստեղծվի «օտարերկրացի գրոհայինների եվրոպական ցանկ»,- իր Twitter-ում գրել է Բեգիայի ներքին գործերի նախարարը Փարիզում ահաբեկչության դեմ պայքարի հարցերով նախարարական հանդիպումից առաջ:

Եվրամիությունում ահաբեկչական վտանգի խնդիրը սրվել է Ֆրանսիայում այս շաբաթ ահաբեկչությունների շարքից հետո:

Ֆրանսիայում ահաբեկչությունների շարքը սկսվել է չորեքշաբթի առավոտյան երգիծական շաբաթաթերթի՝ Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակմամբ: Երեք օրվա ընթացքում մահացել է 17 մարդ, այդ թվում երեք ոստիկան: Ուրբաթ օրը երկու հատուկ գործողությունների ընթացքում ոչնչացվել է երեք ահաբեկիչ: