Համբուրգում հրկիզել են Charlie Hebdo-ի ծաղրանկարը հրապարակած թերթի գրասենյակը

12:57 • 11.01.15

 

Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցած գիշեր անհայտ անձինք հրավառվող հեղուկով լցված շիշ են նետել Hamburger Moregenpost թերթի խմբագրության գրասենյակ, որն ավելի վաղ վերահրապարակել էր ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի ծաղրանկարներից մեկը՝ Մուհամմեդ Մարգարեի մասին։


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, Hamburger Moregenpost–ի խմբագրությունն այդ մասին հայտարարել է իր կայքում։


Նշվում է, որ այրվող հեղուկով լի շիշն ընկել է թերթի արխիվի վրա՝ առաջացնելով հրդեհ։ Պարբերականի լրագրողները նշել են, որ այրվել են մի շարք փաստաթղթեր, սակայն ոչ մի մարդ չի տուժել։


Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել երկու կասկածյալների, որոնք գտնվել են այն թաղամասում, որտեղ տեղակայված է թերթի խմբագրությունը։ Նրանց մասնակցությունը միջադեպին դեռ պարզվում է։


Խմբագրությունից նշել են, որ դեռ չեն շտապում հարձակումը կապել իրենց կողմից հրապարակված ծաղրանկարի հետ։