Հունահայ համայնքը ձախողել է թուրքական «Թալեաթ Փաշա» կոմիտեի հանրահավաքն Աթենքում
Հունաստանի հայ համայնքի աչալրջության շնորհիվ հնարավոր է եղել կասեցնել թուրքական «Թալեաթ փաշա» կոմիտեի բողոքի ակցիան, որն ուղղված է եղել ընդդեմ հայերի և Հայոց ցեղասպանության և նախատեսվում էր անցկացնել Հունաստանի խորհրդարանի շենքի դիմաց:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հունաստանում հրատարակվող «Ազատ օր» պարբերականի խմբագիր Հռիփսիմե Հարությունյանն ասել է, որ կոմիտեն բազմիցս սպառնալիքներ է ուղղել տեղի հայ համայնքին և մասնավորապես ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախմբին` առ այն, որ դադարեցվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված միջոցառումները:
«Հասկանալով, որ սպառնալիքներով չեն կարող խոչընդոտել համայնքի ծրագրերը, նրանք որոշեցին Հունաստանի խորհրդարանի դիմաց հանրահավաք կազմակերպել և դեմ արտահայտվել Հունաստանի խորհրդարանի ընդունած որոշմանը, համաձայն որի` հայերի, հույների և Փոքր Ասիայի քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության ժխտումը կունենա քրեական պատիժ»,- ասել է Հռիփսիմե Հարությունյանը` հավելելով, որ կոմիտեի անդամները նախատեսել էին հանրահավաք կազմակերպել Աթենքի կենտրոնական Սինդաղմա հրապարակում, որտեղ գտնվում է նաև խորհրդարանի շենքը:
«Հանրահավաքին մասնակցելու նպատակով Թուրքիայից ինքնաթիռով Հունաստան էին եկել կոմիտեի անդամները` Իսմայիլ Հաքը Բեքինի գլխավորությամբ: Վերջինս նախատեսում էր նաև խորհրդարանի շենքի մոտ մամուլի ասուլիս հրավիրել և իր «դժգոհությունը» հայտնել նաև լրատվամիջոցներին»,- ասել է Հարությունյանը:
ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախմբի մի քանի տասնյակ անդամներ նախատեսված ժամին այցելել են խորհրդարանի շենք` նպատակ հետապնդելով ոչ միայն կանխարգելել հունական ժողովրդավարության դեմ անցկացվելիք հանրահավաքը, այլև հրավիրված լրատվամիջոցներին ներկայացնել իրականությունը:
Սակայն թուրքական կողմը վերջին պահին հրաժարվել է մասնակցել հանրահավաքին: ««Թալեաթ փաշա» կոմիտեի անդամները, որ արդեն ժամանել էին Աթենք, տեղեկացել էին, որ տեղի հայությունը ներկա է գտնվելու հրապարակում: Նրանք հասկացել էին, որ չեն կարողանա հակազդել հայկական կողմի փաստարկներին ու չեն կարողանա իրագործել իրենց սպառնալիքները և փոշմանած ետ էին վերադարձել օդանավակայան, մեկնել Թուրքիա»,- նշել է Հարությունյանը:










