ՀՀ Նախագահը Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

16:02 • 12.01.15

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։


Խորհրդակցության ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:


«Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը լիարժեքորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ և գործուն օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը:


Այժմ կատարվում են անհրաժեշտ բոլոր քայլերն այդ բարբարոսությունն իրականացրած հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք գտնվում են Հանրապետության Նախագահի անմիջական վերահսկողության ներքո:


Նախագահն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին՝ կիսելով կորստյան անսահման վիշտն ու ցավը»,– ասվում է Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում: