Եթե այս պահին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառվեն, հետևանքները տխուր կլինեն. Ս. Սաֆարյան

14:15 • 12.01.15

Հայաստանն ապրում է մի փուլում, որ ոչ թե հիմնախնդիրների լուծումներից ենք խոսում, այլ թե՛ մեր, թե՛ միջազգային հանրության թիվ մեկ խնդիրը դարձել է Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ գործողությունների կանխումը. լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով, թե լուրջ հույսեր չկան, որ 2015 թվականը կլինի խաղաղության ձեռքբերման տարի:


«Ադրբեջանի կողմից նոր ռազմավարություն է նկատվում. եթե նախկինում նա բավարարվում էր որևէ դիրքով, որևէ շրջանով կամ մեզ համար կարևոր տարեթվերին և ամսաթվերին  արկածախնդրությամբ զբաղվելով, ապա այժմ Ադրբեջանը բացահայտ ոտնձգություն է իրականացնում ողջ սահմանի նկատմամբ»,-ասաց վերլուծաբանը:


Նրա խոսքով՝ այս ամենը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանն իր անվտանգությունը կապում է ԵՏՄ-ի հետ, սա նաև տեղի է ունենում Արևմուտքի և Ադրբեջանի հարաբերությունների սրման դեպքում:


Սաֆարյանը միաժամանակ նշեց, թե ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Ալիևը փորձում է սրել իրավիճակն այնպես, որ «աշխարհի հզորները» մոռացության չմատնեն Ղարաբաղի խնդիրը:


«Հաջորդ պատճառը կապված է Հայաստանի ԵՏՄ անդամակցության հետ: Ալիևը փորձում է հակամարտության սրմամբ փորձարկել Հայաստանի անվտանգությունը ԵՏՄ կազմում, և ցավով պետք է նշել, որ հետևությունները մեր օգտին չեն: Ալիևի ցանկությունն այն է նաև՝ պարզել, թե որքանով է այդ նոր միությունը տեր կանգնում իր դաշնակցին: Սա արդեն մի փոքր ավելին է, քան դիրքային ճակատամարտը կամ փոխհրաձգությունը»,-նկատեց բանախոսը:


Նրա խոսքով՝ եթե այս պահին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառվեն, ապա հետևանքները տխուր կլինեն ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև միջազգային հանրության համար:


«Հետևաբար, ինչ մենք պետք է լավ իմանանք, այն է, որ ռիսկերն այս տարի չափազանց մեծ են լինելու: Չափազանց մեծ և ռիսկաշատ շրջան է մեզ սպասվում: Չեմ ասում, թե պատերազմ է սպասվում, բայց Հայաստանը Արցախի հետ միասին պետք է պատրաստ լինի արդյունավետ հակադարձելուն»,-շեշտեց վերլուծաբանը։


Ստյոպա Սաֆարյանն ասում է, թե Հայաստանը պետք է օգտվի այս իրավիճակից և Ադրբեջանին կաշկանդված պահի միջազգային ասպարեզում, սակայն, ըստ նրա, դա չի արվում ոչ խորհրդարանական, ոչ էլ դիվանագիտական մակարդակով: