Ֆրանսիայի դատախազությունը գործ է հարուցել հումորիստ դերասանի նկատմամբ Charlie Hebdo հետ կապված կատակի պատճառով

23:46 • 12.01.15

Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է անցկացնում հումորիստ  Դիեդոննե Մբալա Մբալայի նկատմամբ Charlie Hebdo ֆրանսիական երգիծական շաբաթահանդեսի խմբագրության հարձակման շուրջ նրա ֆեյսբուքյան մեկնաբանության պատճառով:


Ինչպես գրում է BBC-ն` France Presse-ին հղումով, դերասանի գրառումը, դատախազների կարծիքով, կարող է գնահատվել որպես «ահաբեկչության արդարացում»:


«Ինչ վերաբերում է ինձ, ես զգում եմ ինչպես Շարլի Կուլիբալի», - գրել է սկանդալային հայտնի դերասանը, ով հակասեմիթի հեղինակություն ունի:


Այսպես Դիեդոննեն մեկնաբանել է «Ես Շարլի Էբդոն եմ» կարգախոսը, որով ողջ աշխարհը հայտնում է իր համերաշխությունը ֆրանսիացի ժողովրդին:


Գրոհային Ամեդի Կուլիբալին 5 մարդու է սպանել, որոնցից 4-ին` Փարիզի սուպերմարկետում: Վերջինիս, ինչպես և հարձակման մյուս մասնակիցներին, ոչնչացրել են ոստիկանները հակաահաբեկչական գործողության ընթացքում: