Թուրքիան Եվրոպայից պահանջել է պատասխանել իսլամաֆոբիային

09:18 • 12.01.15

Թուրքիան հուսով է, որ Եվրոպան իսլամաֆոբիային և մզկիթների վրա իրականացվող հարձակումներին նույնքան սուր կարձագանքի, որքան վերջին օրերին Ֆրանսիայում իրականացված ահաբեկչություններին, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

 

 Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Դավութօղլուն մասնակցել է Փարիզում հունվարի 7-9-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին նվիրված երթին:

 

«Մենք այժմ, ավելի քան երբևէ, իրավունք ունենք Եվրոպայից պահանջելու նման զգայունություն ցուցաբերել իսլամաֆոբիայի և մզկիթների վրա հարձակումների առնչությամբ, և ցանկանում ենք տեսնել մարդկային արժանիքների հարգանք՝ անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելությունից»,-հայտարարել է Դավութօղլուն:

 

Թուրքիայի վարչապետը նշել է, որ Թուրքիան, որպես ահաբեկչություն տեսած երկիր, հետագայում էլ իր ձայնն է բարձրացնելու ընդդեմ ահաբեկչական գործողությունների, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան: