Ֆրանսիայում միասնության երթերին մասնակցել է 3 մլն մարդ (լուսանկարներ)
Երեք միլիոնից ավելի մարդ է մասնակցել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում անցկացված միասնության երթերին՝ նվիրված անցած շաբաթ երկրում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակին:
Charlie Hebdo երգիծական ամսագրի, ոստիկանների և հրեական խանութի վրա կատարված հարձակումների հետևանքով երեք օրվա ընթացքում 17 մարդ է զոհվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ամենախոշոր երթը տեղի է ունեցել Փարիզում, դրան մասնակցել է մոտ 1,6 միլիոն մարդ: Ոստիկանության համաձայն՝ դա ամենախոշոր զանգվածային ակցիան է, որ երբևէ կայացել է Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներում:
BBC-ի թղթակցի խոսքով՝ երթի են դուրս եկել բոլոր տարիքի, մասնագիտությունների, տարբեր սոցիալական շերտերի մարդիկ, ծերեր և երեխաներ, բոլորը միավորվել են կիրակի օրը ծայրահեղականության դեմ պայքարին՝ իրենց համերաշխությունը հայտնելու համար:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնովն ասել է, որ երթերին ավելի շատ մարդ է մասնակցել, քան սպասվում էր. «Ցուցարարները պարզապես լցվել էին քաղաքի փողոցներում, մենք նման բան չէինք սպասում»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Փարիզում կազմակերպված զանգվածային երթին է միացել նաև համաշխարհային 40 առաջնորդ:



























