Գյումրիի սպանությունը չպետք է հակառուսական տրամադրություն առաջացնի և պետք չէ կենտրոնանալ նրա վրա, որ կասկածյալը ռուս է
Վեց անմեղ կյանք խլած մարդու արածը ազգություն չի ճանաչում: Tert.am–ի հետ զրույցում մեկնաբանելով Գյումրի սպանության վերաբերյալ սոցիալական ցանցերում տիրող տրամադրությունները, ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը՝ նշելով, որ, նախ, անպայման չէ, որ Գյումրու ռուսական ռազմաբազայում լինեն միայն ազգությամբ ռուսներ:
«Վեց քնած անմեղ, քնած կյանքեր ու այդ թվում՝ երկու երեխաների կյանք վերցրած անձի վերաբերյալ ինչ-որ բան գրելիս պետք չէ կենտրոնանալ նրա վրա, որ նա ռուս է կամ ռուս զինվորական: Պետք է բացահայտել բոլոր մանրամասները և նաև՝ ինչն է նման ահավոր հանցագործության պատճառը»,– ասաց նա:
«Եվ ես , օրինակ, չէի շրջանցի և բացառի հարցը, թե ինչո՞ւ ոչ, մեր թշնամիները չէին կարող ժամանակին այդ երիտասարդին հավաքագրել, որ ինքը նման մի բան աներ, կապ չուներ, թե դա ո՞ր ընտանիքը կլիներ կամ երբ կլիներ»,- նշեց Թևան Պողոսյանը՝ առաջարկելով հասկանալ, որ գտնվում ենք պատերազմական իրավիճակում գտնվող տարածաշրջանում և որ ունենք Ադրբեջան անունով թշնամի երկիր:
Ամեն դեպքում, Թևան Պողոսյանը, չի բացառում նաև կենցաղային հողի վրա նման սարսափելի հանցագործության տեղի ունենալու փաստը և առաջարկում է վերջնական գնահատականներ տալուց առաջ տեղեկանալ բոլոր մանրամասներին: Այդ իսկ պատճառով, ըստ Թևան Պողոսյանի, Հայաստանի իրավապահ մարմինների խնդիրն է շատ արագ բացահայտելու այդ հանցագործությունը:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Լիլիթ Գալստյանի խոսքով ևս ոճրագործությունն աշխարհագրություն չունի և չէր ցանկանա, որ մեր հանրության արդարացի ընդվզումը հակառուսական ուղղություն ստանար։
«Այն, ինչ կատարվել է Գյումրիում՝ զարհուրելի է, աներևակայելի, մարդկայինի սահմանից դուրս… Բառերն անզոր են կատարվածը գնահատելու։ Հարցերը շատ են, այդ թվում՝ ինչպե՞ս կարող էր մոլագարը զենք կրել, օգտագործել, ինչպիսի՞ կարգապահական ու կանոնագրային հարաբերություններ են տվյալ զորամասում, որ հնարավոր են դարձնում տվյալ գազանային- կենդանական նկարագիրը, միթե այս որակներով է իրականացվում ռազմական բազայի գործառույթը, ամենաթողության ինչ մթնոլորտում է ծնվել, հասունացել տվյալ ոճիրը … Հարցեր, հարցեր, որոնք մանրամասն ու հանգամանալից ուսումնասիրություն են պահանջում։
Ցավակցում եմ ու կիսում, բոլորիս վիշտը, զայրույթը…»,- ասաց Լիլիթ Գալստյանը:
ՀՅԴ–ական նախկին պատգամավորը նշեց, որ դարձյալ, ուզում է հավատալ, որ «անկողմնակալ ուսումնասիրություն, հետաքննություն կանցկացվի, անհրաժեշտ հետևություններ կարվեն և ոճրագործության բոլոր մասնակիցները կկանգնեն արդարության դատաստանի առաջ։ Սա նաև մեր բոլորի արժանապատվության խնդիրն է»։
Իրավապաշտպան, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը Tert.am –ի հետ զրույցում շատ հավանական համարեց, որ հասարակության որոշ մասի մոտ այդ ողբերգությունն առաջացնի հակառուսական տրամադրություններ: Սակայն շատ բնականը նա չի համարում օբյեկտիվ:
«Իմ անձնական կարծիքով՝ դա չպետք է հակառուսական տրամադրություններ առաջացնի»,-ասաց նա և նշեց, որ միակ դեպքը, որը կարող է հակառուսական տրամադրություններ առաջացնել, դա այն է, որ եթե պարզվի, թե դա ուղղորդված է եղել հատուկ հայերի դեմ, սակայն նման բան չկա:
«Դեպքը ողբերգական է, սակայն սա չի կարելի դարձնել հակառուսական տրամադրությունների առիթ: Նախ պետք է մոտիվացիան իմանալ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ-որ խմբի ձեռնտու է շահարկել այս հակառուսական տրամադրությունները, նա պատասխանեց, որ գուցե այդպիսի մարդիկ լինեն, սակայն հնարավոր է՝ այդպիսի բնական և ոչ օբյեկտիվ արձագանք առաջանա մարդկանց որոշակի հատվածի մոտ:
«Գուցե կան մարդիկ, որ սա կուզենան օգտագործել այդ ուղղությամբ, բայց հստակ ոչինչ չեմ կարող ասել: Ընդհանրապես այս ողբերգությունը չպետք է առիթ դառնա հակառուսական գործողությունների և ընդհանրապես ես ինքս հակառուսական գործողությունների կողմնակից չեմ, այլ կողմնակից եմ, որ հայ ժողովուրդը իր արժանապատվությունը պահպանի`իր ինքնուրույնությամբ, իր անկախությամբ` առանց Ռուսաստանի հետ թշնամանալու և առանց ԵՏՄ մտնելու»,-ասաց նա:
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի խոսքով՝ միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր ողբերգությունը շահարկելով՝ պղտոր ջրում կփորձեն ձուկ որսալ՝ հակաազգային տրամադրություններ փոխանցելու համար և որպես օրինակ է բերում Ֆրանսիան:
«Ֆրանսիայի պես դեմոկրատական զարգացած երկրում ինչեր եղան, ահաբեկչությունն ահաբեկչության հետևից։ Հիմա ով չի սիրում ռուսին՝ կանցնի շահարկման, թե տեսեք ձեռքը զենք ենք տվել, եկել ինչեր են անում և հակառակը։ Խնդիրն այն է, որ իշխանությունը, ոստիկանությունը պետք է հստակ և արագ գործեն, ուղղակի անկազմակերպ վիճակ է, պաշտոնական ինֆորմացիան ոչ պատշաճ կերպով է փոխանցվում»,-ասաց նա։
Ըստ Թումասյանի՝ խնդիրը նրանում է, որ նախորդ դեպքերի նման, երբ ռուս զինվորականների կողմից հանցագործություններ ու սպանություններ են եղել՝ չպետք է թույլ տան դատավարությունը Ռուսաստանում լինի։
«Հիմնական շահարկումը հենց դրանով է պայմանավորված։ Գոնե պետք է հրապարակային դատավարություն անեն, որ մարդիկ հասկանան, որ հանցագործն անկախ նրա ազգությունից՝ ռուս է, թե ինչ է, հասանելի պատիժ ստացավ։ Նախորդ դեպքերը եթե հիշում եք, դատավարությունը տեղափոխեցին Ռուսաստան և շատերը համոզված են, որ նրանք արժանի պատիժ չկրեցին»,-ասաց նա։
Վահան Թումասյանի խոսքով՝ հնարավոր է ամեն տեղից էլ զորակոչում լիներ՝ Ֆրանսիա, ԱՄՆ, թե Մեծ Բրիտանիա. «Հիմա ասում են՝ սա մեկ ամսվա զորակոչիկ է ու նման քանակությամբ փամփուշտներով ավտոմատը ձեռքն են տվել, չես կարող իմանալ, ինչ կարող է լինել։ Պետությունը խնդիրն է պատրաստված լինել, հնարավոր էր դպրոց, շուկա ու ավելի մարդաշատ վայր մտնի, տարբեր մարդիկ են գալիս ծառայում, մի քիչ շատ ենք թողել ինքնահոսի վիճակը, կազմակերպվածությունը ինքնահոսի է թողնված»,–ասաց նա։
«Մենք պատրաստ չենք նման իրավիճակին, երբ տեսնում ենք, թե զինված ոստիկաններն ինչպես են ծանր հանցագործություն կատարածին փնտրում։ Առավել ևս, նաև նախորդ տարիներին եղած փորձը անհասկանալի է մնում, թե ինչու Գյումրիում արագ արձագանքման հատուկ պատրաստվածություն անցած ջոկատայիններ չկան մշտապես տեղակայված։ Երևի, մոռանում են, որ հենց Գյումրիում է տեղակայված բազմահազարանոց օտարազգի ռազմաբազան»,-ավելացրեց նա։










