Charlie Hebdo-ն Մուհամեդ մարգարեի նոր ծաղրանկարներ կհրապարակի
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական թերթի հաջորդ համարում կրկին կհրապարակվեն Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ: Այդ մասին պարբերականի փաստաբան Ռիշար Մալկան հայտնել է France Info ռադիոկայանի եթերում, գրում է lenta.ru-ն:
Նա նշել է, որ չորեքշաբթի օրը՝ հունվարի 14-ին, թերթերի վաճառասեղաններին՝ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ ողջ աշխարհում, ընթերցողները կգտնեն իրենց սովորական Charlie Hebdo-ի համարը: «Մենք չենք զիջի, այլապես այս ամենն անիմաստ կլինի»,- ասել է Մալկան:
Նրա խոսքով՝ Je Suis Charlie խոսքերը նշանակում են, որ «դուք իրավունք ունեք քննադատել իմ կրոնը»:
Ինչպես Մալկան հայտարարել է ավելի վաղ, նոր համարի տպաքանակը կազմելու է միլիոն օրինակ (սովորաբար այն լույս էր տեսնում 60 հազար օրինակով):
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին ահաբեկիչները զինված հարձակում են իրականացրել Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա, որի հետևանքով սպանվել է 12 մարդ՝ տասը լրագրող և երկու ոստիկան, ևս 11 հոգի ստացել է վնասվածքներ:










