Օլանդը խնդրել է Նեթանյահուին Փարիզ չայցելել

09:32 • 12.01.15

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խնդրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հրաժարվել Փարիզ այցից, հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրին:

 

Օլանդի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ժակ Օդիբերը կապվել է իր հրեա գործընկեր Յոսի Քոհենի հետ` ասելով, որ Ֆրանսիայի ղեկավարը չի ցանկանում Փարիզում օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված կայանալիք երթին տեսնել Նեթանյահուին:

 

Օդիբերը բացատրել է, որ այդպիսով Օլանդը չի ցանկանում բորբոքել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը: Ֆրանսիական կողմը նաև մտավախություն է ունեցել, որ Նեթանյահուն տվյալ երթը կօգտագործի նախընտրական քարոզ անցկացնելու ու Ֆրանսիայում բնակվող հրեաներին ուղղված քարոզներ կարդալու համար:

 

Սկզբում հրեա պաշտոնյան համաձայնել է Փարիզ չմեկնել, սակայն որոշ ժամանակ անց մտափոխվել է: Այս քայլից հետո Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը, ով սկզբում ևս հայտնել էր, որ եղանակային վատ պայմանների պատճառով չի մեկնի Փարիզ, ևս փոխել է որոշումն ու գնացել: