Օբաման զարմացրել է ամերիկյան ԶԼՄ-ներին՝ չմասնակցելով Փարիզում անցկացված միասնության երթին

14:43 • 12.01.15

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կամ նրա վարչակազմի ներկայացուցիչների բացակայությունը Փարիզում անցկացված միասնության երթին զարմացրել է ամերիկյան առաջատար ԶԼՄ-ներին, գրում է Обозреватель-ը։

 

ԱՄՆ-ն կիրակնօրյա երթին ներկայացրել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպան Ջեյն Հարթլին։ Սակայն ամերիկյան ԶԼՄ-ների մեկնաբանները հարց են տալիս, թե ինչու Օբաման չի մեկնել կամ չի ուղարկել Փարիզ իր վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից որևիցե մեկին։ Օրինակ՝ փոխնախագահ Ջո Բայդենին կամ պետքարտուղար Ջոն Քերիին։

 

CNN-ի հաղորդավար Ֆարիդ Զաքարիան նշել է, որ ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների բացակայությունը սխալ է եղել։

 

«Տխուր է, որ 50 համաշխարհային առաջնորդներ կարողացել են համերաշխություն ցուցաբերել Փարիզում, իսկ նախագահ Օբաման հրաժարվել է մասնակցությունից։ Վախկոտությունը շարունակվում է»,- գրել է Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը։