Որոնվում է Գյումրիի սպանության կասկածյալ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը

15:35 • 12.01.15

Գյումրիում սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը և լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրում անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Նշենք, որ այսօր Գյումրիում սպանել են ընտանիքի 6 անդամների, մինչև 1 տարեկան երեխան էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել։ 

Այս կապակցությամբ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 12-ին, ժամը 12.30-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին /ծննդյան թիվը ճշտվում է/:  

2014 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ անմիջապես ստեղծվել է օպերատիվ խումբ՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, որը մեկնել է Գյումրի:

Գյումրիում աշխատում են ոստիկանության տարբեր ծառայությունների բարձրաստիճան սպաներից ձևավորված օպերատիվ խմբեր, հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներ:  

Իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական փնտրողական համալիր միջոցառումներ։ Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:

Հանցագործության բացահայտմանն ուղղված աշխատանքների ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ
»: