Պեսկովը նշել է Աստանայում կայանալիք գագաթաժողովին Պուտինի մասնակցության պայմանները
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս առաջնորդ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը հունվարի 15-ին Աստանայում կայանալիք «նորմանդական ձևաչափով» հանդիպմանը կախված կլինի փորձագիտական մակարդակով նախապատրաստական աշխատանքների արդյունքներից, գրում է РИА Новости-ն։
«Եթե հունվարի 15-ի հանդիպման նախապատրաստություններն անցնեն կիրառական փուլ, մենք կանենք համապատասխան հայտարարություն նախագահ Պուտինի մասնակցության առնչությամբ. դեռևս շարունակվում է փորձագիտական մակարդակով նախապատրաստական աշխատանքը, և մեր հետագա գործողությունները կախված են այդ արդյունքներից»,- նշել է Պեսկովը։
«Նորմանդյան քառյակի» ձևաչափը ձևավորվել է Ֆրանսիայում 2014-ի ամռանը կայացած հանդիպումից հետո։ Նորմանդիայում հունիսի 6-ին դաշնակիցների զորքերի ափ իջեցման 70-ամյակի կապակցությամբ հանդիսությունների ժամանակ անցկացվել են մի շարք հանդիպումներ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ։










