Խուճապի մատնվել պետք չէ. Հունան Պողոսյանը՝ Գյումրիում կատարվածի մասին

20:12 • 12.01.15

ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի հրամանով Գյումրիում տեղի ունեցած դեպքի հետ կապված ստեղծվել է օպերատիվ խումբ՝ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնմում է ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը՝ վերջինս, ինչպես նաև՝ մյուս փոխոստիկանապետերը, համապատասխան ծառայությունների պետերը և օժանդակ ուժերը նույնպես  Գյումրիում են: Այս պահին Գյումրիում ակտիվ հետախուզա-որոնողական  աշխատանքներ են իրականացվում հանցագործության մեջ կասկածվողին հայտնաբերելու համար:

 

Դեպքի քննությունը վարում է ՀՀ քննչական կոմիտեն: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրեց փոխոստիկանապետը:

 

«Խուճապի մատնվել պետք չէ: Դեպքն, անշուշտ, արտառոց է և շատ ցավալի, բայց կոչ եմ անում խուճապի չմատնվել, քանի որ ենթադրյալ հանցագործը դեպքի վայրում թողել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը, իր զինվորական համազգեստը: Կարծում եմ՝ զգեստափոխվել է և դիմել փախուստի:

 

Ընդամենը կոչ եմ անում լրջության և խոհեմության և մեզ հետ համագործակցության, նրա վերաբերյալ տեղեկություններ ունելիս անմիջապես տեղեկացնել մեզ: Կարծում եմ՝ շատ կարճ ժամանակում մենք կունենանք դրական արդյունք, քանի որ մեզ հետ համագործակցում են բոլոր մարմինները և ՌԴ համ ապատասխան ծառայությունները»,- նշեց պատասխանատուն: Խոսելով փախուստի դիմած զինծառայողի մոտ այլ զենք-զինամթերք լինելու փաստի մասին՝ Հունան Պողոսյանը նշեց, որ այդ փաստի վերաբերյալ տեղեկություն չկա:

 

«Իր անմիջական ղեկավարությունը բացատրություն է տվել և պարզաբանել, որ կասկածյալի մոտ, բացի դեպքի վայրում հայտնաբերված հրազենից և հանդերձանքից, այլ բան չի եղել: Այս պահի դրությամբ չկա սպառիչ պատասխան, թե այդ ընտանիքի հետ վերջինս ինչ կապ է ունեցել: Ինչ վերաբերում է առողջական վիճակին, իր ղեկավարները նշել են, որ այդպիսի խնդիր չի ունեցել: Գտնվել է նորմալ վիճակում, այդ իսկ պատճառով էլ իրեն վստահված է եղել հերթափոխային ծառայություն և մարտական զենք: Նշեմ, որ նա ուսումնական հավաքների է մասնակցել այլ բնակավայրում, որից հետո արդեն դեկտեմբերին տեղափոխվել է ծառայության Գյումրի քաղաք: Ծառայության ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, վերջինս աչքի չի ընկել լուրջ խնդիրներով»:

 

Այն հնարավոր ենթադրության վերաբերյալ, որ կասկածյալն արդեն Գյումրիում չէ՝ փոխոստիկանապետը նշեց, որ այս պահին ոչինչ չի բացառվում: «Այս պահի դրությամբ նրա գտնվելու մասին ռեալ տեղեկություն չկա: Կարծում եմ՝ վերջինիս նպատակը շատ արագ փախուստի դիմելն է և շատ արագ հանրապետությունից դուրս գալը: Ըստ նախնական տեղեկությունների՝ իր մոտ գումար չի եղել: Ճշտվում է, թե դեպքի վայրում ինչ գործողություններ է կատարել՝ հափշտակե՞լ է գումար, թե՞ չէ: Ճշտվում են նաև իր եղբոր անազատության մեջ գտնվելու և իր՝ մինչ ծառայության  անցնելը վարքագծի հետ կապված խնդիրների վերաբերյալ բոլոր տեղեկությունները: Շիրակի մարզ մտնող ճանապարհները բոլոր օրինապահ քաղաքացիների համար այս պահին բաց են, բայց ոստիկանությունը անցել է խիստ ռեժիմային ծառայության՝ համապատասխան միջոցառման շրջանակներում: Հիմա մեր գերխնդիրն իրեն գտնելն ու դեպքի բոլոր մանրամասները պարզելը և մեր հանրությանը ներկայացնելն է: Իրականացվում է ուժեղացված հսկողություն: Լուրջ համագործակցում ենք ՌԴ իրավապահ մարմինների հետ, բայց դեպքը քննվում է ՀՀ քննչական վարույթում, քանի որ դեպքը կատարվել է ՀՀ տարածքում՝ Գյումրի քաղաքում, եթե դեպքը լիներ զինվորական մասի ներսում, բնականաբար, մենք իրենց կաջակցեինք, բայց այս պահին իրենք են մեզ աջակցում: Դեպքը վարում է ՀՀ հատուկ կարևորագույն գործերի քննության վարչությունը,   օպերատիվ հետախուզական  և որոնողական աշխատանքերն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը՝ իրավապահ մյուս մարմինների հետ սերտ համագործակցելով, այդ թվում նաև՝ ՌԴ համապատասխան վարչությունը»,- նշեց փոխոստիկանապետը՝ կրկին կոչ անելով բնակչությանը՝ լինել զգոն և խուճապի չմատնվել:

 

Ավելացնենք, որ դեպքի վայրից հայտնաբերվել է 21 կրակված պարկուճ, 1 ինքնաձիգ AK 74 մակնիշի, սվին-դանակ և  1 ամբողջությամբ լիցքավորված՝ շուրջ 30 փամփուշտով փամփշտակալ և 1 փամփշտակալ, որի մեջ մնացել է միայն 1 փամփուշտ: Դեպքի վայրում դեռ շարունակվում է փորձաքրիագիտական զննությունը: