Ամերիկյան քաղաքի կենտրոնական այգուց հեռացվել է ծնկաչոք աղոթող զինվորի արձանը (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Քինգ քաղաքի King Central Park կենտրոնական այգուց հեռացվել է ծնկաչոք աղոթող զինվորի արձանը, որի համար հիմք է ծառայել համապատասխան դատական որոշումը, գրում է Daily Mail-ը։
Նշվում է, որ պատերազմում զոհված վետերաններին նվիրված հուշակոթողի մոտ տեղադրված ծնկաչոք աղոթող զինվորի արձանը խախտում է Սահմանադրությամբ ամրագրված դավանանքի ազատությունը։
Նման հայց էր ներկայացրել Աֆղանստանում ամերիկյան զորքերի շարքում կռված պատերազմի վետերանը։ Նա հայց էր ներկայացրել դեռ 2012-ին, իսկ այժմ արդեն կայացված դատական որոշման համաձայն՝ արձանը և հարևանությամբ ծածանվող քրիստոնեական դրոշը հեռացվել են։
«Ես իմ հայրենիքի համար կռվել եմ մի զորքում, որտեղ բոլոր զինվորները եղել են տարբեր կրոնական պատկանելության, և ես գտնում եմ, որ սխալ է պատերազմի վետերանի խորհրդանիշ ընտրել միայն մեկ կրոնի պատկանող արձան»,- ասել է վետերանը։
Նշվում է, որ մի քանի տարի տևած դատական գործընթացի համար ծախսվել է մոտ 50 000 դոլար։















